Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը

5 րոպեի ընթերցում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է կինոսերներին, ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս տարի այն անցկացվելու է հունիսի 25-29-ը։ Ավանդույթի համաձայն՝ այն Երևանից բացի, ընդգրկում է նաև հանրապետության քաղաքներից որևէ մեկը՝ նպատակ ունենալով մարզերում մշակութային կյանքը ևս ակտիվացնել։  Այս անգամ ծրագրում ընդգրկվել է Գյումրին։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշեց, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19։00-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնի բացման ֆիլմն է «Մշուշը վերացել է»՝ ներկայացված Իրանից, ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմի:

«Երևանի Կինոյի տանը հունիսի 26-ին, 27-ին կշարունակվի փառատոնային ծրագիրը։  Փառատոնի միջոցառումները հունիսի 28-ին և 29-ին կշարունակվեն Գյումրիում, Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Պետք է նշեմ՝ փառատոնը դեպի մարզեր ուղղորդելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մշակութային կյանքն ակտիվացնելու տեսանկյունից։ Դրանից բացի, մեր մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ հայաստանյան կինոլոկացիաներին։ Հանդիսատեսն էլ հնարավորություն է ունենալու դիտել միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը»,-ասաց Գուժ Թադևոսյանը։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, իսկ  աջակիցն է ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ այս փառատոնը մշակութային օրացույցում կարևոր տեղ է զբաղեցնում։ Այն դարձել է միջազգային կինոհանրության կողմից ճանաչված հարթակ։

«Այսօր այս փառատոնը filmfreeway հեղինակավոր հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոններից մեկն է, ինչը վկայում է  փառատոնի մասնագիտական բարձր մակարդակի և միջազգային հեղինակության մասին։ Մենք արդեն 4-րդ տարին է՝ փառատոնի գլխավոր հովանավորն ենք, և այս տարի Երևանի քաղաքապետարանը 20 մլն դրամ է հատկացրել»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնի ընթացքում տեղի կունենան ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կարևորելով փառատոնի անցկացումը, նշեց, որ այն արտացոլում է պետական քաղաքականությունն ու նպատակները։

«Մենք շեշտադրում ենք մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, և այս փառատոնը ներառում է այդ բաղադրիչը։ Այն տեղում ներգրավում է կինոսերներին, ճանաչողական ու կրթական կարևոր գործ է կատարում։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ փառատոնը կտրված չէ արտաքին աշխարհից, այն միջազգային նշանակություն ունի և տարեցտարի տեսնում ենք, թե ինչպես է ընդլայնվում մասնակցության աշխարհագրությունը»,-ասաց Դանիել Դանիելյանը։

Երևանի կարճամետրաժ  ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 95 երկրից հայտեր։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը նշեց, որ մրցութային ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ՝ 22 երկրից։  

«Այս տարի նույնպես հայկական ֆիլմերի բավական մեծ ընտրանք կար։ Ես հիշում եմ, որ փառատոնի մեկնարկային տարում 3-4 ֆիլմեր էին ընդունվում, որոնք անգամ ֆիլմի նման չէին։ Այսօր հպարտությամբ եմ ասում, որ որակական առումով այնպիսի ֆիլմեր ունենք, որոնք ցուցադրում ենք Ա դասի՝ Վենետիկի, Բեռլինի, Կաննի և համանման այլ փառատոնների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմերի կողքին։ Ի դեպ, փառատոնը տարածաշրջանում առաջինն է, որ ընդունել է արհեստական բանականությամբ նկարահանված ֆիլմեր»,-ասաց Արտյոմ Բաղդասարյանը։

Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է՝ «Միջազգային ծրագիր»,  «Ազգային ծրագիր», «Ուսանողական ծրագիր»։

Հայերեն English Français Русский