«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի

5 րոպեի ընթերցում

«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի. հիմնադրամի ստեղծումից ի վեր տրամադրված հատուցումների ընդհանուր ծավալը գերազանցել է 106 միլիարդ դրամը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինապահ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեության և ֆինանսական արդյունքների հաշվետվությունը։

Նա հայտնեց, որ միայն 2025 թվականի ընթացքում աջակցություն է տրամադրվել 28 նոր դեպքի՝ ի համեմատ 2024 թվականի 284 նոր դեպքերի։

«Ֆինանսական արդյունքների համաձայն՝ 2025 թվականին հիմնադրամի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 62 միլիարդ դրամ՝ աճելով 13 տոկոսով, իսկ ծախսերը նվազել են 10 տոկոսով՝ կազմելով մոտ 20 միլիարդ դրամ։ Արդյունքում արձանագրվել է եկամուտների և ծախսերի միջև հիմնադրամի գործունեության ողջ ընթացքում ամենամեծ դրական տարբերությունը»,-ասաց նա:

Կարինե Սարգսյանը կարևորեց նաև ակտիվների կառավարման ոլորտում գրանցված առաջընթացը։ Նրա խոսքով՝ 2025 թվականին ակտիվների կառավարման եկամուտը կազմել է մոտ 13 միլիարդ դրամ, ինչը 35 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և վկայում է հիմնադրամի ֆինանսական կայունության շարունակական ամրապնդման մասին։  

Անդրադառնալով 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներին՝ նա նշեց, որ պարտադիր դրոշմանիշային վճարների կառուցվածքային փոփոխությունների հետևանքով հիմնադրամի եկամուտները կազմել են 11.4 միլիարդ դրամ։

Միաժամանակ նա ընդգծեց, որ փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունեցել շահառուների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա․ բոլոր հատուցումները շարունակվում են տրամադրվել ամբողջ ծավալով և անխափան կերպով։

 «2026 թվականի առաջին եռամսյակում ակտիվների կառավարման եկամուտները կազմել են շուրջ 3.7 միլիարդ դրամ, ինչը 29 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ներկայում «Զինապահ»-ի կառավարման ներքո գտնվում է ավելի քան 156 միլիարդ դրամի ակտիվ, ինչը հանդիսանում է հիմնադրամի երկարաժամկետ ֆինանսական կայունության կարևոր երաշխիք»,- ասաց հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը:

«Զինապահ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը, ներկայացնելով հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններն ու պետական մարմինների հետ իրականացվող օրենսդրական աշխատանքներն, ընդգծեց, որ հանրային քննարկման է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է փոխել 2008-2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի ֆինանսավորման գործող կարգը։ Նախագծի ընդունման դեպքում տվյալ ժամանակահատվածի շահառուների հատուցումները ամբողջությամբ կիրականացվեն «Զինախահ»-ի կողմից՝ պահպանելով օրենքով սահմանված բոլոր իրավունքներն ու երաշխիքները։

 Իրինա Սեյլանյանը նաև անդրադարձավ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացվող աշխատանքներին՝ «Զինապահ»-ի շահառուներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու ուղղությամբ։  

«Հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված մի շարք սոցիալական նախաձեռնությունների շնորհիվ կընդլայնվի  հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող ընտանիքների աջակցությունը, նորածին երեխաներ ունեցող շահառու ընտանիքների լրացուցիչ աջակցությունը և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար նախատեսված աջակցող միջոցների ֆինանսավորման ծրագրերը»,- ասաց նա:

Միջոցառման ավարտին «Զինապահ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ պարգևատրվեց «Ռազմական համագործակցության համար» մեդալով՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում զգալի ներդրում ունենալու համար:

Հայերեն

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստանում վարպետության դաս անցկացրեցին անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացները

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները

Վարչապետը կարևորում է Գրիգորյան-Հաջիև հանդիպումը խաղաղության գործընթացի դինամիկայի վերականգնման տեսանկյունից

G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/06/26