Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կրկին հիշեցրել է օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական  գործակալությունը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ հայտարարությունն արել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում պահպանվող լարվածության և շարունակվող զինված հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, իսկ զինված բախումները շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել միջազգային խաղաղության և անվտանգության համար։

«Ցավոք, արձանագրվում են դեպքեր, երբ Ադրբեջանի քաղաքացիները զոհվում կամ վիրավորվում են նման տարածաշրջաններում տեղի ունեցող ռազմական գործողությունների և զինված բախումների հետևանքով։ Այդպիսի դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հակամարտության գոտիներում և հարակից տարածքներում առկա բարձր վտանգավորությունը՝ լուրջ ռիսկեր ստեղծելով այնտեղ աշխատող կամ այցելող քաղաքացիների կյանքի և առողջության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տվել արտերկիր մեկնելուց առաջ ուշադիր գնահատել անվտանգության իրավիճակը, հաշվի առնել պետական մարմինների նախազգուշացումները և զերծ մնալ այն շրջաններ այցելելուց, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտություններին և ռազմական գործողություններին՝ որպես վարձկան կամ կամավոր, ցանկացած ձևով, երկրի օրենսդրության համաձայն ենթադրում է քրեական պատասխանատվություն։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատանքները արտերկրում գտնվող քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

«Միևնույն ժամանակ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվությամբ մոտենա սեփական անվտանգության հարցերին և խուսափի բարձր ռիսկայնության հետ կապված գործունեությունից։ Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադիր հետևել միջազգային իրավիճակի զարգացմանը»,- հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում