Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Փհենյանում կայացած բանակցություններում համաձայնության են եկել երկկողմ համագործակցության ընդլայնման և ռազմավարական համակարգման ամրապնդման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հունիսի 8-ին «Կիմսուսան» պատվավոր հյուրերի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Սի Ծինփինի այցը ցույց է տալիս երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատում է ավանդական բարեկամության և համագործակցության զարգացման հանձնառությունը։ Նա նաև ընդգծել է, որ Փհենյանը մտադիր է այսուհետ էլ ամրապնդել փոխգործակցությունը Պեկինի հետ և պաշտպանել «մեկ Չինաստան» սկզբունքը։
Սի Ծինփինն իր հերթին նշել է Հյուսիսային Կորեայի նվաճումները զարգացման բնագավառում և վերահաստատել է Չինաստանի անփոփոխ ուղեգիծը ԿԺԴՀ-ի հետ ավանդական կապերի ամրապնդման համար: Նրա խոսքով՝ Պեկինը կշարունակի երկկողմ համագործակցության զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի համակարգումը։
Բացի այդ, ԿԺԴՀ-ի և Չինաստանի ղեկավարները համաձայնել են երկու երկրներում անցկացնել հանդիսավոր միջոցառումներ՝ երկու պետությունների միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 65-ամյակի առթիվ: Գործակալությունն ընդգծում է, որ բանակցությունները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում և դարձել են «նոր ուղենիշ» Փհենյանի և Պեկինի միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործում: