ՌԴ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանից արձագանքել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է խորհրդարանում մեծամասնություն ունենալու և կառավարություն ձևավորելու հնարավորություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն առայժմ սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին, սակայն հավելել է, որ նաև արձանագրում են բոլոր հաղորդագրությունները, որոնք ի հայտ են գալիս ընտրությունների շուրջ։

«Մենք այդ թվում արձանագրում ենք հաղորդագրություններն այն բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք եղել են այդ ընտրությունների ընթացքում»,- հայտարարել է Պեսկովը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին Զախարովան շեշտել է, թե Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «իշխանության մենաշնորհ չի ստացել»։

Զախարովան նաև կարծիք է հայտնել, թե նախորդ ընտրական ցիկլի համեմատ՝ Հայաստանում իշխող կուսակցության վարկանիշը որոշակիորեն նվազել է։ «Հայ հասարակության մեջ ակնհայտ է հայ-ռուսական հարաբերությունների առաջանցիկ զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա ներկայության լայն պահանջարկի առկայությունը, ինչը հայ ժողովրդին շոշափելի օգուտներ է բերում»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ընտրական պրոցեսի ընթացքում ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու մեջ՝ մոռանալով հիշատակել ընդդիմադիր ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերի մասին, որոնց վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն փաստարկված հաղորդագրություններ էր տարածում գրեթե ամբողջ քարոզարշավի ընթացքում։

Միևնույն ժամանակ, Զախարովան հայտարարել է, որ «Ռուսաստանը միշտ շահագրգռված է եղել և շահագրգռված կլինի ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով»։ «Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է, և մենք նրանց մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- հայտարարել է Զախարովան։ Անդրադառնալով Մոսկվայի մոտեցմանը Հայաստանի նկատմամբ՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է իր գործողությունների ընթացքը ձևավորել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվող իրական քայլերը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար  820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։ 

 

Հայերեն العربية English فارسی Français

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ