Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա
2 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ)։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Այս այցը Չինաստանի ղեկավարի առաջին այցն է ԿԺԴՀ վերջին ութ տարվա ընթացքում:
Այցի ընթացքում Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանի և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են նոր պատմական մեկնարկային կետում։
Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԿԺԴՀ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական տեսանկյունից զարգացնելու, Չինաստան-ԿԺԴՀ հարաբերությունները ժամանակի պահանջներին համընթաց պահելու և երկկողմ կապերն էլ ավելի զարգացման հասնելու նպատակով։
Սի Ծինփինի խոսքով՝ «Չինաստանը և Հյուսիսային Կորեան պետք է ամրապնդեն հաղորդակցությունն ու փոխըմբռնումը՝ նպաստելու երկու երկրների սոցիալիստական զարգացման կայուն առաջընթացին»։ Չինաստանի նախագահը նշել է, որ կողմերը պետք է ընդլայնեն համագործակցությունը և նպաստեն երկու ժողովուրդների բարեկեցության ու բարեկամության աճին։
Սի Ծինփինը նաև կոչ է արել պաշտպանել միջազգային արդարությունը։ Նրա խոսքով՝ երկու կողմերը պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունն ու համակարգումը, պաշտպանեն միջազգային իրավունքի վրա հիմնված կարգը և «հակադրվեն հեգեմոնիզմին ու ուժային քաղաքականությանը»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մերժել ցանկացած փորձ կամ գործողություն, որը միտված է տարածաշրջանային անվտանգության ու կայունության խաթարմանը։