Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

4 րոպեի ընթերցում

Իսրայելն Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ժամանակ գաղտնի կերպով Ադրբեջանում էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել՝ Իրանի դեմ գործողություններին նպաստելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։

Աղբյուրներից երկուսի խոսքով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերից, այդ թվում՝ Իրանի հյուսիսային սահմանին հարակից հատվածում՝ Իրանի Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 95 կմ հեռավորության վրա։ CNN-ը հիշեցնում է, որ Իսրայելը Թավրիզին հարվածել էր պատերազմի ժամանակ։

Մյուս երկու աղբյուրների խոսքով՝ տվյալ վայրում տեղակայվել են նաև հատուկ դիվերսիոն ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի միջոցով գործողություններ, ինչն Իսրայելին նշանակալի հնարավորություն է տվել պատերազմի ընթացքում տեսնելու Իրանի հյուսիսը։

CNN-ը հաղորդում է, որ Ադրբեջանում տեղակայված զորքերը սկզբնապես նախատեսված էին որպես փրկարարական ջոկատ արտակարգ դեպքերի համար, սակայն առաքելությունն ընդլայնվել է՝ դառնալով ռազմական և հետախուզական։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերի տեղակայումները թույլ են տվել Իսրայելին ընդլայնել իր հարձակման հասանելիությունն ու շրջանակն Իրանի դեմ պատերազմում։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ադրբեջանական գործողությունը բաղկացած է եղել մի քանի տասնյակ զինվորներից, այդ թվում՝ Իսրայելի հատուկ նշանակության ուժերի, նրա էլիտար ուղղաթիռային մարտական ​​և փրկարարական ուժերի անդամներից, ինչպես նաև «Մոսադ» հետախուզական ծառայության անձնակազմից։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելը վաղուց Ադրբեջանին համարում է Իրանի դեմ պայքարում իր ռազմավարական գործընկեր, և նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել էին Իրանի դեմ առաջին հարվածներից մի քանի շաբաթ առաջ։ Ըստ CNN-ի՝ հունվարի կեսերին, երբ Իրանը ճնշում էր լայնածավալ բողոքի ցույցերը, Իսրայելը պատրաստում էր գաղտնի առաքելություն Ադրբեջան-Իրան սահմանի երկայնքով։

Լրատվամիջոցը նշում է, որ Իսրայելին ու Ադրբեջանին միավորում են  սերտ առևտրային կապերը և ռազմական շահերը։

«Բաքուն Իսրայելին տրամադրում է իր նավթի մեծ մասը։ Դրա դիմաց Իսրայելն Ադրբեջանին վաճառում է առաջադեմ զենք, որի մի մասն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում 2016 և 2020 թվականներին։ Ադրբեջանը նաև առաջին օտարերկրյա պետությունն էր, որը 2016 թվականին գնեց Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը», - գրում է CNN-ը։

Լրատվամիջոցի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված առանցքային գործողություններից մեկը եղել է մարտի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Ռահման Մողադդամի սպանությունը, որն, ըստ Իսրայելի, պատասխանատու էր 2024 թվականին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստման համար։ Դրա հաջորդ օրը անօդաչու թռչող սարքերով հարված հասցվեց Նախիջևանի օդանավակայանին։ Այս հարվածի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Իրանին, սակայն Թեհրանը հերքել է ԱԹՍ-ներ արձակելու մեղադրանքները։

Մարտի 6-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ կանխել է ԻՀՊԿ-ի դավադրությունն՝ ուղղված կարևորագույն ենթակառուցվածքների, ինչպես նաև իսրայելական և հրեական թիրախների դեմ: Շաբաթներ անց Իսրայելը հրապարակավ խոստովանեց, որ դա համատեղ գործողություն էր, որին մասնակցել են «Մոսադ»-ը, իսրայելցի զինվորականները և Շին Բեթ անվտանգության ծառայությունը:

Հայերեն English فارسی Русский Türkçe

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ