ՀՀ-ում սեպտեմբերից 229 դպրոցի փակման մասին տեղեկությունները կեղծ են․ ԿԳՄՍՆ
2 րոպեի ընթերցում

Հայաստանում սեպտեմբերից 229 դպրոցի փակման մասին տեղեկությունները կեղծ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն»,– նշված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից պարզաբանում են, որ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը։
«Դրա վառ ապացույցն ամբողջ հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերակառուցման լայնածավալ ծրագրերն են։
Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում է հասարակության շրջանում անհիմն անհանգստություն առաջացնելու նպատակով։
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով։ Նախարարությունը շարունակելու է հանրությանը տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,– եզրափակվում է հայտարարությունը։