Կառավարությունը կաջակցի ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառով տուժած տնտեսվարողներին

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահանման անարդար խոչընդոտների դեպքում Կառավարությունը սուբսիդավորման և աջակցության ծրագրեր կիրականացնի, իսկ վնասներ կրած արտադրողներին կօգնի նոր շուկաներ գտնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետն այդ մասին այս  հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ 

«Կառավարությունն արդեն որոշում է կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ արտահանման անարդար խոչընդոտներ եղած կլինեն, մենք աջակցության ծրագրեր կանենք, այդ ապրանքների սուբսիդավորման ծրագրեր կանենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտները կապված չեն ապրանքի որակի հետ։ Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ արտահանվող ապրանքը չի համապատասխանում որակի ստանդարտներին։

«Մենք չենք կարող անորակ ապրանք արտահանել մեր ինքնիշխանության և պետական շահերի հաշվին։ Մենք այդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի նրանք իրենց ապրանքը բերեն որակի նոր ստանդարտի»,- ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը արդեն աշխատում է նոր արտահանման շուկաների ուղղությամբ։

«Այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են, շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար, և մենք արդեն կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի, միրգ-բանջարեղենի գնման հետ կապված»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև կարևորել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի տնտեսությունը չպետք է կախված լինի մեկ ուղղությունից։

«Մենք 100 տոննա պղպեղ ենք արտադրում, մենք չպետք է դրա 90 տոննան մեկ ուղղությամբ արտահանենք, մենք պետք է 25 տոննայով 4 ուղղություններով արտահանենք։ Հետո՝ 5, 6, 7 ուղղություններով։ Սա է այն բանաձևը, որ ես ասում էի՝ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ նույնիսկ եթե որոշ գյուղմթերք արտահանման խոչընդոտների պատճառով վնասվի, Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տնտեսվարողների կորուստները։

«Բիբար է փչանում, վարդ է փչանում, դրա փողը Կառավարությունը կտա, բայց այս ամենի արդյունքում Հայաստանում պղպեղի արտադրությունն էլ է աճելու, արտահանումն էլ է աճելու»,- հայտարարել է Փաշինյանը։

 «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ռուսական գերատեսչությունը որոշումը հիմնավորել է բուսասանիտարական պահանջների խախտումներով և հայկական արտադրանքի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների աճով։

Մինչ այդ Ռուսաստանը սահմանափակել էր նաև Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը։ Հայաստանից ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների, «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը ՌԴ այս պահին արգելված է։

Հայերեն English Español فارسی Русский 中文

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել