Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է, որ Նեթանյահուի հետ զրույցից հետո Բեյրութ շարժվող իսրայելական զորքերը հետ են շրջվել

3 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է, որ Նեթանյահուի հետ զրույցից հետո Բեյրութ շարժվող իսրայելական զորքերը հետ են շրջվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Բեյրութ շարժվող իսրայելական զորքերը հետ են շրջվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում հունիսի 1-ի երեկոյան։

«Ես շատ արդյունավետ զրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ, և Բեյրութ զորքեր չեն գնա, իսկ ճանապարհին գտնվող զորքերն արդեն հետ են շրջվել», - նշել է Թրամփը:

Նա հավելել է, որ բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով «շատ լավ զրույց» է ունեցել նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ։

«Նրանք համաձայնել են, որ բոլոր կրակոցները կդադարեցվեն՝ Իսրայելը չի ​​հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Մեկ այլ գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանի հետ բանակցություններն ինտենսիվ տեմպերով շարունակվում են։

Նեթանյահուն իր հերթին X-ում գրել է, որ Թրամփի hետ զրույցում նրան հայտնել է, որ եթե «Հեզբոլլահ»-ը չդադարեցնի իսրայելական քաղաքների և քաղաքացիների վրա հարձակումները, ապա Իսրայելը «կհարվածի Բեյրութում ահաբեկչական թիրախներին»։

«Մեր այս դիրքորոշումն անփոփոխ է։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը կշարունակեն գործել Լիբանանի հարավում, ինչպես պլանավորված էր», - հավելել է նա։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի գրասենյակն էլ հայտնել է, որ երկրի իշխանությունները հաստատում են ստացել, որ «Հեզբոլլահ»-ն ընդունել է գրոհները փոխադարձաբար դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը։

Հունիսի 1-ի առավոտյան Իսրայելի վարչապետը հրահանգել էր հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի ուղղությամբ հարձակումների։

Իրանական լրատվամիջոցներն էլ գրել էին, որ Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները դադարեցվում են Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։

Իրանը նաև նախազգուշացրել է, որ իսրայելական հարվածները «Հեզբոլլահ»-ի դեմ կարող են սպառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարին։ BBC-ն նշում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Վաշինգտոնի հետ համաձայնությունը ենթադրում է հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հետևաբար, ճակատներից մեկում հրադադարի խախտումը նշանակում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում։

Անցած հանգստյան օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը սրվել է նաև Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է իրանական ռազմական օբյեկտներին, իսկ Թեհրանը նշել է, որ պատասխանել է՝ թիրախավորելով Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում