Մոլդովան դատապարտել է Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ի մասնակցությամբ միջադեպը. Moldpres
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դատապարտել է Ռումինիայի Գալաթի քաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքի և պայթել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Moldpres-ը։
Նախագահը շեշտել է, որ «Ռուսաստանը վտանգ է ներկայացնում բոլորի համար և պետք է կանգնեցվի»։
Սանդուն նաև նշել է, որ այս միջադեպը ևս մեկ ապացույց է այն բանի, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա՝ վտանգի ենթարկելով մարդկային կյանքերը»։
«Ես խստորեն դատապարտում եմ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակումը, որը հարվածել է Ռումինիայի խաղաղ բնակիչներին Գալաթիի իրենց տներում։ Մենք համերաշխություն ենք հայտնում Ռումինիային։ Եվրոպան պետք է միասնական և հաստատակամ մնա խաղաղության, անվտանգության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում», - ասել է նա։
Ուկրաինայի վրա մայիսի 29-ին Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել ռումինական Գալաթի քաղաքի 10 հարկանի բնակելի շենքի տանիքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շենքի բնակիչները տարհանվել են։