3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
23 մայիս, 2026
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ից «Հոլիդեյ Ինն Էքսպրեսս Երևան» հյուրանոցում (Բուզանդի 97/2) կկայանա «Ժողովրդավարական դիմակայության ամրապնդում. Հայաստան-Մոլդովա փորձը հիբրիդային սպառնալիքների դիմակայման գործում» խորագրով աշխատաժողով։ Միջոցառումը կհյուրընկալի Մոլդովայից հետաքննող լրագրողներ, RISE Moldova-ի խմբագիր Վլադիմիր Տհորիկին և NordNews-ի գլխավոր խմբագիր Յուլիանա Վոլկովին։ Երկու բանախոսների հետաքննական բացահայտումները Մոլդովայում համարվում են պատմական և մեծ նշանակություն են ունեցել հիբրիդային սպառնալիքների հայտնաբերման ու փաստահեն լրագրությամբ դրանց մասին հանրության իրազեկման առումով։ Միջոցառման պանելային քննարկումներին կմասնակցեն նաև հետաքննող լրագրողներ ու մեդիա փորձագետներ Հայաստանից։ Բանախոսները կներկայացնեն Մոլդովայի և Հայաստանի հետաքննական փորձը՝ քարոզչության ու ապատեղեկատվության դիմագրավման համատեքստում։ ՀԼԱ, +374 94274727:
Ժամը 11:30-ից «Red Bridge Yerevan hotel»-ում Հայ կահույքագործների ասոցիացիան հրավիրում է մասնակցելու ոլորտի ամենասպասված իրադարձությանը՝ Կահույքագործների ֆորումին։ Միջոցառումը համախմբում է ոլորտի առաջատարներին՝ կահույք արտադրողներ, ինտերիերի դիզայներներ, ոլորտով հետաքրքրված բիզնես ներկայացուցիչներ: Մասնակցելով՝ կբացահայտեք պետական աջակցության ծրագրերը և կիմանաք՝ ինչպես օգտվել դրանցից առավելագույն արդյունավետությամբ, ձեռք կբերեք գործնական գիտելիքներ կահույքի ճիշտ հաշվարկի համար՝ խուսափելով ֆինանսական կորուստներից, կծանոթանաք արտադրության օպտիմալացման նորագույն լուծումներին, առաջիններից կլինեք, ովքեր կծանոթանան նոր ապրանքատեսակներին և շուկայական թրենդներին, կստանաք ամբողջական պատկերացում ասոցիացիայի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Ֆորումին կմասնակցեն նաև միջազգային հյուրեր և փորձագետներ, ինչը այն դարձնում է բացառիկ հարթակ՝ ընդլայնելու մասնագիտական կապերն ու հնարավորությունները։ 098 444 121։
Ժամը 12:00-ին կկայանա առցանց հանդիպում՝ «Քննադատական մտածողության ուժը և մտածողության սխալները ապատեղեկատվության պայմաններում» թեմայով։ Հանդիպման բանախոսը Լեհաստանում թերևս ամենահայտնի հայերից մեկն է՝ բիզնես ռազմավար, հոգեբան, դասախոս, դոկտոր Արմեն Մեխակյանը։ Երևանի մամուլի ակումբ:
Մշակույթ
Ժամը 15:00-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կկայանա Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքում ներկայացված են արվեստագետի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին՝ հիմնվելով ԳԱԹ-ում պահվող հավաքածուի վրա: Պատկերագիրքը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: 077611560: