Իրավունք

ԱԱԾ-ն խուզարկել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակը. խուզարկություն կանցկացվի նաև Անդրանիկ Թևանյանի տանը

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն խուզարկել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակը. խուզարկություն կանցկացվի նաև Անդրանիկ Թևանյանի տանը

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որի ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները գրասենյակից վերցրել են համակարգիչներ, հեռախոսներ, տեխնիկական միջոցներ, վերլուծական նյութեր։

«Հիմա արդեն ուզում են նաև մեր բնակարանը խուզարկել, խուզարկությունը շարունակվելու է բնակարանում»,- ասել է Թևանյանը։

Թևանյանն այդ ամենը որակել է որպես խոչընդոտ իրենց քարոզարշավին։

Նա անհեթեթություն է որակել նաև Քննչական կոմիտեի կողմից իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանն ընդգրկված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում։  Նա ցուցակում երկրորդ համարն է՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո։

Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում