Վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է. «Դասական Եվրատեսիլ»-ը Հայաստանում կհյուրընկալի 11 երկրի մասնակցի

5 րոպեի ընթերցում

Հայաստանն իր հյուրընկալ դռները կբացի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի առաջ, որը կանցկացվի ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Մրցույթը, որին մասնակցում են երաժիշտներ 11 երկրից, Հայաստանը կներկայացնի  15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ մրցույթի անցկացումը մեր երկրում ևս մեկ հնարավորություն է ընդգծելու դասական արվեստի կարևորությունը, նպաստելու դրա հանրահռչակմանն ու տարածմանը։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Հանրային հեռուստաընկերության հետ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զբոսաշրջային հոսքերի ապահովմանն ուղղված հաջողված փառատոն են իրականացնում՝ «Ֆեստիվառ»-ը, և ուրախ են, որ համագործակցության շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով միջազգային այնպիսի կարևոր մրցույթի անցկացումը, ինչպիսին «Դասական Եվրատեսիլ»-ն է։

«ՀՀ կառավարությունը շատ ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերի, մրցույթների, միջոցառումների հարթակ դարձնելու ուղղությամբ, որոնք նպաստում են մեր երկրի միջազգային դիրքավորմանը՝ այն դարձնելով ավելի ճանաչելի, տեսանելի հատկապես այն պայմաններում, երբ խոսում ենք զբոսաշրջային հոսքերի էական աճի մասին։ Այս տարի շուրջ 35 տոկոսով աճ կա նախորդ տարվա այս շրջանի համեմատ։ Վերջին տարիներին թե՛ սպորտային, թե՛ մշակութային խոշոր միջոցառումների հարթակ է դարձել  Հայաստանը։ Ուրախ եմ, որ «Դասական Եվրատեսիլ»-ը համալրում է  այդ շարքը»,-նշեց նախարարն ու հավելեց՝ պետք է մի կողմ թողնել այն մտայնությունը, թե դասական արվեստը առավել պահանջկոտ հանդիսատես ունի և չի կարող ավելի լայն լսարան ունենալ։ Նախարարը շեշտեց, որ շաբաթներ առաջ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ դասական համերգը մարզահամերգային համալիրում հյուրընկալել է շուրջ 7 հազար ունկնդրի։

Նա վստահ է, որ «Դասական Եվրատեսիլ»-ն այն հարթակն է, որը կարող է հանրային լայն լսարան ապահովել և դասական երաժշտությունն ու դասական արվեստի կատարողներին դարձնել ավելի տեսանելի։

Անդրեասյանը կարևոր համարեց հիշեցնել, որ 2026-ին լրանում է Երևանի օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը, և ՀՀ կառավարության կողմից ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որպեսզի հայ ճարտարապետության կարևոր նմուշն ու դրա պատմությունը դարձնի ավելի տեսանելի։ Նախարարն ուրախ է, որ միջազգային սպասված մրցույթը անցկացվելու է հարյուրամյա շենքում։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարծում է՝ «Եվրատեսիլ» մրցույթների շարքում «Դասական Եվրատեսիլ»-ն այնքան էլ հայտնի չէ։ «Մենք փորձելու ենք հենց այս միջոցառման միջոցով ավելի հանրայնացնել այն Հայաստանում։ Երկու տարի պատրաստվել ենք միջոցառմանը, և ես շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որոնք ֆինանսավորման մեծ մասն են իրականացրել»,-ասաց նա։

Անդրադառնալով մրցույթի բրենդինգին՝ Մովսիսյանը նշեց, որ այն ստեղծել են՝ ոգեշնչվելով Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավից։ Մրցույթի կարգախոսը ևս  գրավիչ է. «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Նրա խոսքով՝ եվրոպական տարբեր երկրներում մրցույթի բրենդինգը և կարգախոսն արդեն տարածվում են։

Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և օպերային թատրոնի նվագախմբերը։

«Դասական Եվրատեսիլ»-ին մասնակցելու է 11 երկիր՝ Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա, Շվեդիա, Հայաստան։

Միջազգային ժյուրիի կազմում են գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

Միջոցառումները տեղի կունենան ինչպես շենքի ներսում, այնպես էլ՝ տանիքում։  

«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է  12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։

Հայերեն English Русский Türkçe

ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը. դատավորները հարցեր են ուղղում կողմերին

Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

Պետական միջոցներով Ղարաբաղից տեղահանվածներն ամենաշատը բնակարաններ ձեռք են բերել Կոտայքում, Արմավիրում

ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը

Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը