Իրավունք

Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

2 րոպեի ընթերցում

Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Համացանցում տարածված 19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի տեսանյութի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է՝ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել,  որ Մյասնիկյան պողոտայում մերսեդեսը հարվածում է թիվ 53 ավտոբուսին, ինչի հետևանքով վնասվում են նաև այլ տրանսպորտային միջոցներ։

 Տարածված ևս մեկ տեսանյութում մերսեդեսի երիտասարդ վարորդը հրճվանքով մանրամասներ է պատմում իր իսկ պատճառով ստեղծված վթարից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում