Ադրբեջան

Եվրամիությունը չեղարկել է ադրբեջանական հինգ լցանավի նկատմամբ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չեղարկել է ադրբեջանական հինգ լցանավի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիությունը չեղարկել է Ադրբեջանին պատկանող հինգ լցանավի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է «Ադրբեջանի Կասպյան ծովային նավագնացություն» (ASCO) փակ բաժնետիրական ընկերությունը:

Նշվում է, որ SA Maritime AFZECO-ի՝ ASCO-ի համատեղ ձեռնարկության, և Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության նավերի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 23-ին:

Նշվում է, որ հարցի դրական լուծումը հնարավոր է դարձել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, հանրապետության արտաքին գործերի, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունների, ASCO-ի և SOCAR-ի համակարգված դիվանագիտական ​ու իրավական գործունեության շնորհիվ։

«Հարկ է նշել, որ հիշյալ նավերը երկարաժամկետ վարձակալության են տրվել երրորդ կողմերին՝ չարտերային համաձայնագրերի հիման վրա։ Ընդ որում, դրանց շահագործումն իրականացվել է միջազգային կանոնակարգերին, այդ թվում՝ պատժամիջոցային պահանջներին լիովին համապատասխան։ Ընդունված որոշումը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված օբյեկտիվ մոտեցման, ինչպես նաև կառուցողական երկխոսության արդյունք», - հաղորդել է ASCO-ն։

Դատելով բաց աղբյուրներից՝ ադրբեջանական լցանավերը 2025 թվականին պատժամիջոցների տակ են հայտնվել Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի մեղադրանքներով՝ կապված ռուսական նավթի տեղափոխման հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում