Իրավունք

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է քրեական հետապնդում. նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է քրեական հետապնդում. նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելու և դիտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Գ.-ն 2025 թվականի մարտի 4-30-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում իրեն պատկանող օգտահաշվի միջոցով Մ.Բ.-ի հետ վարել է նամակագրություն, նրանից ստացել՝ հասանելիություն է ձեռք բերել և դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

Ա․Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելը կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Կոմիտեից հիշեցնում են, որ Մ.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է դեռևս 2025 թվականի մայիսին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում