Մերձավոր Արևելք

ԵՄ ղեկավարները Կիպրոսում կքննարկեն Մերձավոր Արևելքի իրադրությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը

2 րոպեի ընթերցում

ԵՄ ղեկավարները Կիպրոսում կքննարկեն Մերձավոր Արևելքի իրադրությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը

ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներն ապրիլի 23-24-ը կհավաքվեն Կիպրոսում՝ քննարկելու Իրանում ստեղծված իրավիճակը և դրա հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, ավելի լայն անվտանգային հարցեր, ինչպես նաև Եվրամիության բյուջեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«ԵՄ առաջնորդները կհանդիպեն Կիպրոսի Լեֆկոսիա և Այա Նապա քաղաքներում՝ սկսած ապրիլի 23-ի երեկոյից։ Հանդիպման ընթացքում նրանք կկենտրոնանան հետևյալ հարցերի վրա՝ աշխարհաքաղաքական իրադրությունն ու դրան Եվրոպայի արձագանքը, ինչպես նաև  2028-2034 թվականների բազմամյա ֆինանսական շրջանակային ծրագիրը»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

Գագաթնաժողովի երկրորդ օրը Եվրոպայի ղեկավարներին կմիանան Մերձավոր Արևելքից ժամանած տարածաշրջանային գործընկերները՝ աշխատանքային ճաշի համար, որտեղ «կքննարկվեն տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ընդհանուր խնդիրները և համագործակցության նոր հնարավորությունները»։

Նշվում է, որ մասնավորապես անդրադարձ է կատարվելու Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպայի ջանքերին, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը, ինչպես նաև էներգակիրների գնաճի հարցին։

Անդրադառնալով ԵՄ-ի 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեի քննարկմանը՝ կառույցի հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդակցությունների նպատակն է «ԵՄ-ի հավակնությունները համաձայնեցնել ֆինանսավորման համապատասխան մակարդակին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում