Բյուրեղավանից աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացվել է 11 քաղաքացի. ՀՎԿԱԿ
2 րոպեի ընթերցում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։
Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։
Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։
Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։
Ապրիլի 22-ին Բյուրեղավանի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Համայնքապետարանը կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ օգտագործել եռացնելուց հետո։