Թրամփը կրկին սպառնացել է շարքից հանել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը գործարքի չգնա
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ՝ հերթական անգամ սպառնալով ոչնչացնել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չգնա ԱՄՆ-ի առաջարկած գործարքին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Երեկ Իրանը կրակել է Հորմուզի նեղուցում, ինչը հրադադարի մեր համաձայնագրի կոպիտ խախտում է։ Շատ փամփուշտներ են ուղարկվել ֆրանսիական նավի և Մեծ Բրիտանիայի բեռնատար նավի ուղղությամբ։ Դա գեղեցիկ չէր, այդպես չէ՞։ Իմ ներկայացուցիչները գնում են Իսլամաբադ՝ Պակիստան, նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցությունների համար։ Իրանը վերջերս հայտարարեց նեղուցի փակման մասին, ինչը տարօրինակ է, որովհետև մեր շրջափակումն արդեն իսկ այն փակել է։ Նրանք օգնում են մեզ՝ դրա մասին չիմանալով, և հենց նրանք են նեղուցի փակ լինելու պատճառով օրական 500 միլիոն դոլար կորցնում։»,- գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Իրանին արդար և բանական գործարք է առաջարկում և հույս է հայտնել, որ Իրանւ կընդունի այն։ «Եթե նրանք չանեն դա, ԱՄՆ-ն շարքից կհանի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Նրանք արագ կհանձնվեն, հեշտ կհանձնվեն, և, եթե նրանք չընդունեն գործարքը, ինձ համար պատիվ կլինի անել այն, ինչ անհրաժեշտ է, այն, ինչ Իրանի հետ վերջին 47 տարիների ընթացքում պետք է արած լինեին ԱՄՆ մյուս նախագահները»,- հայտարարել է Թրամփը։