ՔԿ մամուլի քարտուղարն աբսուրդային և անհեթեթ է որակել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամի հայտարարությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն անդրադարձել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայտարարությանն այն մասին, որ Քննչական կոմիտեի քննիչները ավտոբուսներում քաղաքացիներին հորդորում կամ ստիպում են վճարել:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Կիմա Ավդալյանը վերոնշյալ հայտարությունը որակել է «աբսուրդային և անհեթեթ»։
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում դեմքի շատ լուրջ արտահայտությամբ ասել է, որ ավտոբուսներում հսկիչներից բացի՝ Քննչական կոմիտեի քննիչները քաղաքացիներին հորդորում կամ ստիպում են վճարել:
Հասկանում եմ, որ քննիչների մասին խոսելն արդի է ու շատերի կարծիքով խոսքին ինտրիգային հնչերանգ է հաղորդում, բայց սույն ավագանու անդամը գոնե տարրական գիտելիքների դեպքում կարող էր խուսափել նման աբսուրդային և անհեթեթ ձևակերպումներից»,– նշել է ՔԿ մամուլի խոսնակը։