Քաղաքականություն

Մեզ համար շատ կարևոր է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չառաջացնեն ոչ մասնակիցների, ոչ հանրության մոտ. ԿԸՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Մեզ համար շատ կարևոր է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չառաջացնեն ոչ մասնակիցների, ոչ հանրության մոտ. ԿԸՀ նախագահ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց  իր ղեկավարած կառույցի 2024-2025 թվականների գործունեության հաղորդումը՝ շեշտելով, որ նշված ժամանակահատվածում անցկացված ընտրությունների արդյունքների բողոքարկում չի արձանագրվել։

«2024-25 թթ․-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների չորս ընտրություններ, որոնցից 3-ը համամասնական ընտրակարգով, մեկը՝ մեծամասնական ընտրակարգով։ Եվ պիտի արձանագրեմ այն փաստը, որ բոլոր 4 դեպքերում ընտրությունների արդյունքների բողոքարկում չենք ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս կազմի գործունեության ընթացքում կազմակերպվել են տասից ավելի համամասնական ընտրակարգով ընտրություններ, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, և այդ ընտրություններում ևս արդյունքների բողոքարկում չի եղել։

ԿԸՀ նախագահն ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը կենտրոնացած է եղել ընտրական համակարգի զարգացման, ինչպես նաև սպասվող Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման վրա։

Հովակիմյանը հիշեցրել է, որ 2025 թվականի ապրիլին ԿԸՀ-ն ընդունել է 2020-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը, որի առանցքային նպատակն է ապահովել ժողովրդի իշխանության իրացումը՝ ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների միջոցով։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ընտրությունները ավարտվեն քվեարկության փուլով»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ սա նշանակում է կազմակերպել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չեն առաջացնի կասկածներ ոչ մասնակիցների, ոչ հանրության մոտ։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ ռազմավարության հիմնական ուղղություններն են ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպումը, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, տեխնոլոգիական զարգացումը, ընտրողների կրթությունն ու իրազեկումը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացումը։

Նա հավելեց, որ ընտրական գործընթացներում առաջացող խնդիրների հիմնական պատճառը հաճախ գիտելիքի պակասն է, ինչի համար ԿԸՀ-ն կարևորում է շարունակական վերապատրաստումները բոլոր ներգրավված կողմերի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում