Իրավունք

ՔԿ-ն հիմնազուրկ և չփաստարկված է համարում Սամվել Կարապետյանի պաշտպանի հայտարարությունները

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն հիմնազուրկ և չփաստարկված է համարում Սամվել Կարապետյանի պաշտպանի հայտարարությունները

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հայտարարություններին՝ դրանք բնորոշելով հիմնազուրկ և չփաստարկված։ 

«Արմենպրես»-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․ 

«Պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում պնդում է կատարել առ այն, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վարույթի քննության որոշակի փուլում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ում մակագրված է եղել նշված վարույթը՝ հրաժարական է տվել: Այդ կապակությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել:

Պաշտպանը հարցազրույցի ընթացքում պնդել է նաև, որ իրենք վարույթի քննության 4-րդ ամսում միջնորդել են մաս անջատել և ուղարկել դատարան, սակայն Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ նման գործիքակազմ չկա: Ասվածի կապակցությամբ հարկ է նշել, որ վարույթի սկզբնական փուլում վերջիններս միջնորդել են քրեական վարույթից անջատել «կոչի» դրվագը և այն ուղարկել դատարան, սակայն նման իրավական հնարավորություն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ոչ միայն այդ, այլ նաև փողերի լվացման, խարդախության, հարկեր վճարելուց խուսափելը կազմակերպելու դրվագներով: Այսինքն` առկա չէ իրավական ընթացակարգ, որը թույլ կտար միևնույն անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը տրոհել մասերի և մի մասով շարունակել նախաքննությունը, իսկ մյուս մասով ուղարկել դատարան:

Պաշտպանի մյուս հայտարարության հետ կապված, թե ի վերջո վարույթից մաս է անջատվել, ապա պետք է նշել, որ այս դեպքում խոսքը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ամբողջ ծավալով նոր վարույթ անջատելու, այլ ոչ թե մեղադրանքը տրոհելու մասին է:

Հետևաբար՝ պաշտպանի հայտարարությունները հիմնազուրկ են և չփաստարկված»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում