Քաղաքականություն

ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները և դաշինքները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները և դաշինքները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 14-ին հյուրընկալել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին/դաշինքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՀ-ից հայտնում են, որ մասնակիցներին ողջունել է Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և հայտնել, որ նման նախաձեռնության նպատակը ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններին/դաշինքներին ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը ներկայացնելն է։

Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժին իր անհատական օգտահաշվում ներբեռնել ընտրողների ցուցակները, նախընտրական ծրագիրը, կուսակցության և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և այլ տեղեկատվություն։

ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները։

ԿԸՀ Վերահսկիչ վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը իրազեկել է հրավիրյալներին, որ կուսակցության/դաշինքի, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու պարագայում, օրենսդրական փոփոխությունների հետևանքով, սահմանվել է վարչական պատասխանատվություն։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն մտադիր է ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց դասընթացավարների համար դասընթաց իրականացնել։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ով պատասխանել է ներկաների՝ օրենսդրությանն առնչվող հարցերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում