Եվրոպա

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետ Սանչեսին

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետ Սանչեսին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի, խելացի տնտեսության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Սի Ծինփինը նաև հայտարարել է, որ Չինաստանը և Իսպանիան պետք է առաջ մղեն համապարփակ ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ իրենց ժողովուրդների։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սանչեսը, որը Չինաստանում է պաշտոնական այցով, հայտարարել է, որ Պեկինը կարող է կարևոր դեր կատարել Մերձավոր Արևելքում հակամարտության լուծման հարցում։

«Այն դերը, որ Չինաստանը կարող է ունենալ, կարևոր է այս պատերազմի ավարտի դիվանագիտական ուղիներ գտնելու և կայունությանն ու խաղաղությանը նպաստելու համար», - Սանչեսի խոսքերն է մեջբերում France 24-ը։  

Իսկ Սի Ծինփինի հետ հանդիպումից առաջ Պեդրո Սանչեսը կոչ է արել, որ Պեկինն ավելի նշանակալի դեր ստանձնի կլիմայի փոփոխության, անվտանգության, պաշտպանության, անհավասարության դեմ պայքարի, արհեստական բանականության պատասխանատու մշակման և այլ հարցերում։ Ըստ Reuters գործակալության՝ Սանչեսը Պեկինի Ցինխուայի համալսարանում ելույթում նշել է, որ Եվրոպան նույնպես պետք է կրկնապատկի իր ջանքերը, քանի որ ԱՄՆ-ն որոշել է հետ քաշվել այս ճակատներից շատերից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում