Իրան

Լավրովն Արաղչիին հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ առկա ճգնաժամի կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Լավրովն Արաղչիին հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ առկա ճգնաժամի կարգավորմանը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ առկա ճգնաժամի կարգավորմանը, և հիշեցրել է Պարսից ծոցում անվտանգության ապահովման հայեցակարգ մշակելու ռուսական նախաձեռնության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը:

«Լավրովն ընդգծել է զինված առճակատման կրկնության անթույլատրելիության կարևորությունը, վերահաստատել  Ռուսաստանի հաստատուն պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, որը ռազմական լուծում չունի, հիշեցրել է Ռուսաստանի՝ Պարսից ծոցում անվտանգությունն ապահովելու հայեցակարգ մշակելու նախաձեռնության մասին՝ բոլոր ափամերձ պետությունների մասնակցությամբ և այն արտատարածաշրջանային երկրների աջակցությամբ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ բանակցությունների ընթացքի վրա», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հավելել են, որ Մոսկվան ողջունել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման մշտական տրամադրվածությունը, «այնպիսի հանգուցալուծումների որոնումը, որոնք թույլ կտան վերացնել հակամարտության նախա​​պատճառները և հասնել տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ կայունացման՝ հաշվի առնելով Իրանի և նրա հարևանների օրինական շահերը»։

Ավելի վաղ Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցի մասին հաղորդել էին Իրանի ԱԳՆ-ում։

«Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի իրադարձությունների զարգացման և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների շուրջ», - նշվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում