Քաղաքականություն

Գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ. Սուլթանյան

2 րոպեի ընթերցում

Գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ. Սուլթանյան

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է գերիների և պահվող անձանց խնդիրը՝ այն դիտարկելով որպես խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն՝ ամփոփելով 2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։

Մամուլի ասուլիսի ընթացքում նա նշեց, որ նախաձեռնության հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակության անդամները հետևողականորեն ընդգրկել են այդ հարցը քննարկումների օրակարգում։

«Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ։ Պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը»,-ասաց Սուլթանյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը շեշտել է, որ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի ներկայիս տրամաբանության մեջ և դրա լուծումը կարևոր նախապայման է առաջընթացի համար։

«Շեշտել ենք, որ խաղաղության գործընթացը առաջ է անցել, և այս հարցերը պետք է լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի գործընթացի առաջընթացը»,-նշեց նա։

Սուլթանյանը տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում բարձրացվել է նաև անհայտ կորածների խնդիրը՝ ընդգծելով, որ համապատասխան հանձնաժողովի աշխատանքները չեն ընթանում ցանկալի արագությամբ։

Միաժամանակ նա նշեց, որ ադրբեջանական կողմը ևս ներկայացրել է իրեն մտահոգող հարցերը, սակայն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն առաջին հերթին փոխադարձ լսելու և հասկանալու միջավայր ձևավորելն է։

«Երբ լսում ես դիմացի կողմի ընկալումները, ավելի հեշտ է հասկանալ խնդիրը և մոդելավորել իրատեսական լուծումներ»,-ասաց Սուլթանյանը։

Նրա գնահատմամբ՝ վստահության ամրապնդումը կարող է նպաստել, որպեսզի նման հումանիտար հարցերը հետագայում լուծվեն ավելի արդյունավետ և չդառնան քաղաքական ճնշման գործիք։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում