Քաղաքականություն

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են հանդիպել հունիսի երկրորդ կեսին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են հանդիպել հունիսի երկրորդ կեսին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել հունիսի երկրորդ կեսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ես, ինչպես ասել եմ, այդ այցը շատ հաջող եմ գնահատում։ Ինչ վերաբերում է դեմ առ դեմ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր առաջիկա հանդիպումների և միջոցառումների մասին։ Բարձր մակարդակով հանդիպման մասին ենք պայմանավորվել հունիսի 2-րդ կեսին»,- ասաց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում:

«Ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք: Մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու և շարունակելու ենք այդ ճանապարհով»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությունը և Եվրոպական միությունը համատեղելու վերաբերյալ դիտարկումներին:

«Քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այն քաղաքականությունները, որ վարում ենք ԵԱՏՄ և ԵՄ ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք: Երբ կգա անհամատեղելիության պահը, ժողովրդի հետ որոշումներ կկայացնենք»,- նշեց վարչապետը:

Հայաստանի վարչապետը հավելեց՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բարձր մակարդակով հանդիպում անցկացնել հունիսի 2-րդ կեսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում