ԼՂ հարցով Բաքվի արձագանքի պատասխանը Մոսկվան կփոխանցի դիվանագիտական խողովակով. Զախարովա
3 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ, նշել է, որ այդ արձագանքի պատասխանը կփոխանցվի դիվանագիտական խողովակներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում՝ հետևողականորեն նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի մասնակցությունը հնարավորություն է տվել սկսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը բոլոր ուղղություններով` 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ԵՄ-ի հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի՝ վերջին տարիներին Երևանն ու Բաքուն նախընտրում են երկխոսություն վարել առանց միջնորդների։ Նրա խոսքով՝ Մոսկվան ըմբռնումով է մոտեցել այդ որոշմանը և աջակցել է կողմերի կառուցողական քայլերին։
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայի փակումը ձևակերպվել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից Մինսկի գործընթացի ինստիտուտների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված որոշմամբ, որին աջակցել է Մոսկվան», – ասել է նա։
Միաժամանակ, Զախարովան ընդգծել է, որ կողմերը դեռ պետք է լուծեն մի շարք կարևոր հարցեր՝ հարաբերություններին կայուն և վերջնական բնույթ հաղորդելու համար։ Այդ հարցերի թվում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացները։ Պաշտոնյան վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը նշված ուղղություններով։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ՀՀ վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «դիվանագիտական խողովակներով ՌԴ նախագահի աշխատակազմին, ՌԴ կառավարությանը և ՌԴ ԱԳՆ-ին է փոխանցվել Բաքվի դիրքորոշումը` Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանի թեման քաղաքական շահարկումներում օգտագործելու անընդունելիության, ինչպես նաև նման պրակտիկան դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»։