Թրամփը սպառնում է վերացնել իրանական ողջ քաղաքակրթությունն իր հետ համաձայնության չգալու դեպքում
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին ուղղված իր վերջնագրի ժամկետի լրանալուց տասներկու ժամ առաջ սպառնացել է երկիրը պատժիչ հարվածների ենթարկել, եթե Թեհրանը չհամաձայնի Հորմուզի նեղուցը վերաբացելու իր պահանջների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Truth Social հարթակում գրառման մեջ։
«Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք չի վերածնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես կլինի։ Այնուամենայնիվ, այժմ, երբ մենք ունենք ռեժիմի լիակատար փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքեր, գուցե հեղափոխականորեն հրաշալի ինչ-որ բան տեղի ունենա, ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք այս գիշեր՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը։ 47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն», - նշել է նա գրառման մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի: Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև Երևանի ժամանակով ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը, որից հետո, նրա խոսքով, Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից Թրամփի այս սպառնալիքներն անվանել էին «կոշտ հռետորաբանություն», որի նպատակն է արդարացնել ԱՄՆ-ի ռազմական ձախողումները։