Կապահովվի «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած մրցանակի կառավարման թափանցիկությունը և նպատակային օգտագործման հնարավորությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն ընդունել է «ՀՀ վարչապետի աշխատակազմին արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ.-ի մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ։
«Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Կառավարությունից՝ ընդգծելով, որ այդկերպ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։