Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 1-ին նախատեսված հանդիպման ձևաչափի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ria Novosti գործակալությունը, լրագրողների հետ զրույցում Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ապրիլի 1-ին կկայանա հայ-ռուսական բանակցություններ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հետ կապված հարցեր։
«Դրանից հետո երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, շփումները կշարունակեն դեմ առ դեմ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։