Թրամփն Իրանի պատերազմի վերաբերյալ ուղերձով կդիմի ժողովրդին
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ին կարևոր հայտարարությամբ հանդես կգա՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը։
«Վաղը (խմբ․՝ ապրիլի 1-ին) երեկոյան, ժամը 21:00-ին նախագահ Թրամփը ուղերձով կդիմի ժողովրդին՝ Իրանի վերաբերյալ կարևոր նորություններ հաղորդելու նպատակով»,- գրել է խոսնակը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
TUNE IN: Tomorrow night at 9PM ET, President Trump will give an Address to the Nation to provide an important update on Iran.
— Karoline Leavitt (@PressSec) March 31, 2026
Նախագահ Թրամփը մարտի 31-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Իրանի վրա իր ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում։
Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։