4 րոպեի ընթերցում
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում տեղի ունեցավ «Ամենասիրուն ջրահեղձը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի։ Բեմադրիչն Արինա Արարատյանն է, բեմանկարիչը՝ Նելլի Բարսեղյանը, զգեստների ձևավորումն իրականացրել է Լուսինե Խաչատրյանը։ Բեմադրական այս աշխատանքը մարկեսյան մոգական ռեալիզմի նուրբ և բազմաշերտ աշխարհը թատերական լեզվով վերարտադրելու փորձ է, որտեղ առասպելականն ու առօրյան ոչ թե հակադրվում են, այլ հաղորդակցվում՝ ստեղծելով նոր իրականություն։ Փոքր բեմի միջավայրը դառնում է ոչ միայն գործողության վայր, այլև ընկալման յուրատեսակ առանցք, որտեղ յուրաքանչյուր ժեստ, լռություն և տեսարան խորհրդանշական է։ Բեմադրիչը չի սահմանափակվում պատմվածքի սյուժեի վերարտադրությամբ. նա առաջարկում է տեսարանային մտածողությամբ կառուցված աշխարհ, որտեղ ջրահեղձի կերպարն աստիճանաբար վերածվում է հավաքական երևակայության։
Պատմվածքը գրվել է 1968 թվականին՝ դասական լատինաամերիկյան մոգական ռեալիզմի ժանրում։ Բեմանկարչական և զգեստային լուծումները միտված են ոչ թե նատուրալիստական միջավայր ստեղծելուն, այլ պայմանականության միջոցով գործողության ներքին ռիթմն ընդգծելուն։ Ներկայացումը կարող է հետաքրքրել ինչպես Մարկեսի ստեղծագործության սիրահարներին, այնպես էլ ժամանակակից թատրոնով հետաքրքրվող հանդիսատեսին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ հեղինակի ընտրությունը կատարվել է երիտասարդների շրջանում անցկացված հարցումների արդյունքում: «Զարմանալի է, որ հարցումները ցույց տվեցին՝ երիտասարդները նախընտրում են Մարկես և Ագաթա Քրիստի։ Գրադարաններում նրանք ամենապահանջված հեղինակներն են, և մենք որոշեցինք դա կյանքի կոչել։ Սա մի բեմադրություն է, որը հետագայում կթարգմանվի ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն՝ հաշվի առնելով Գյումրի այցելող զբոսաշրջիկների հոսքը»,-հավելեց Լյուդվիգ Հարությունյանը։
Ըստ գեղարվեստական ղեկավարի՝ ներկայացումը շատ հետաքրքիր ընթացք է ունենալու և մասնակցելու է տարբեր փառատոնների։ Թեման համամարդկային է՝ գնահատել մեր կողքին ապրող մարդկանց։ Հերոսները գալիս են ապացուցելու, որ առանց սիրո աշխարհում ոչինչ չկա, և ամեն ինչի հիմքը սերն է։
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Լյուդվիգ Հարությունյանը խոստացավ, որ մարտ և ապրիլ ամիսների ավարտին թատրոնը կունենա նոր առաջնախաղ, իսկ մայիսի վերջին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր կատակերգություն։ Մայիսին և հունիսին Գյումրիի թատրոնը ֆոլկլորային փառատոնի կմասնակցի Բուլղարիայում։
Անդրադառնալով «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակին, Հարությունյանը նշեց, որ մրցանակաբաշխության արդյունքում Գյումրու թատրոնն արժանացել է երեք մրցանակի՝ Մերի Մարգարյանը ճանաչվել է «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» («Կոստյումով տղամարդիկ»), Լուսինե Խաչատրյանը՝ «Լավագույն զգեստների նկարիչ» («Կատվի տունը», «Երկարագուլպա Պեպպին»), իսկ Անի Ռաշոյանը՝ «Լավագույն բեմանկարիչ» («Երեք անունով մի աղջիկ», «Երկարագուլպա Պեպպին»)։