Ժաննա Անդրեասյանն ու Տատյանա Ցվետկովիչը քննարկել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Ցվետկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ամուր բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկկողմ կապերի զարգացումը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։ Նախարարը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում առկա է համագործակցության զգալի ներուժ, որի լիարժեք իրագործումը կարող է էականորեն նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը։ Նշվել է, որ հայկական կողմից հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ժաննա Անդրեասյանը, իսկ սերբական կողմից՝ Սերբիայի ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչը։ Քննարկվել են հանձնաժողովի գործունեության կազմակերպչական հարցերը, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի ապահովմանն ուղղված հետագա քայլերը։

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը մասնակցելու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք «Էքսպո 2027» համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ հանդես կգա առանձին տաղավարով։

Կողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցության ակտիվացմանը՝ կարևորելով բուհերի միջև գործընկերության ընդլայնումը, միջազգային փոխանակման և ակադեմիական շարժունության ծրագրերի զարգացումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 14-ից Երևանի պետական համալսարանում իրականացվում է սերբերենի դասավանդում, որն մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում։

Նախարարը նաև առաջարկել է դիտարկել Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում հայերենի ուսուցման հնարավորությունը:

Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Ցվետկովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Սերբիայի պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում։

Դեսպանը կարևորել է նաև համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ նշելով Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի հյուրընկալման և Հայաստանի փորձի ուսումնասիրման նշանակությունը։

Ընդգծելով բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ դեսպանը տեղեկացրել է, որ «Աշխարհը Սերբիայում» կրթաթոշակային ծրագրի շրջանակում արդեն իսկ հայ ուսանող է սովորում Բելգրադում, և սերբական կողմը շահագրգռված է սովորողների թվի ավելացմամբ։ Ծրագիրը բաց է բոլոր բուհերի և մասնագիտությունների համար՝ բակալավրիատից մինչև ասպիրանտուրա։

Կարևորվել են նաև Սերբիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ավելի քան 30 ծրագրերը, որոնք ուղղված են սպորտային և մշակութային ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքային զարգացմանը, կանանց և երեխաների աջակցությանը, ինչպես նաև կանաչ էներգիայի խթանմանը:

Նշվել է, որ Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է մի շարք կարևոր միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և COP17-ը, որոնց շրջանակում ակնկալվում է նաև Սերբիայի բարձր մակարդակի մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցերի։

 

Հայերեն Türkçe

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը