Իրավունք

Բութ առարկայով հարվածել, այնուհետև պատուհանից դուրս են նետել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել սպանության դեպքից

2 րոպեի ընթերցում

Բութ առարկայով հարվածել, այնուհետև պատուհանից դուրս են նետել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել սպանության դեպքից

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

«Քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ա.-ն 2020 թվականին ուսման նպատակով Վանաձորից տեղափոխվել է Երևան և բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում՝ նրանց հետ միասին:

Դեպքին նախորդող օրը Ի.Ա.-ի և Ա.Թ.-ի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի հետևանքով ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Հաջորդ օրը ամուսինները վերը նշված բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս 2022 թվականի փետրվարի 10-ին մահացել է:

2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը)»,– նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ե.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում