Քաղաքականություն

Հայաստանն ու Հունաստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական մակարդակի

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հունաստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական մակարդակի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: 

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև առկա ամուր քաղաքակրթական կապերի վրա։ 

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է առավել ակտիվ և բովան­դակային հունով։

Կառուցողական և վստահելի երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելություններն ու պարբերական շփումները նոր լիցք են հաղորդել մեր հարաբերություններին՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը քաղաքա­կան, տնտեսական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում։ 

Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։ 

Լիահույս եմ, որ պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեր այցը Երևան պատեհ առիթ է նաև հայտարարելու մեր երկու պետությունների միջև համագործակցությունը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին։ 

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում