Աշխարհ

Աշխարհի քաղաքների միայն 14%-ն է 2025 թվականին համապատասխանել օդի որակի պահանջներին

2 րոպեի ընթերցում

Աշխարհի քաղաքների միայն 14%-ն է 2025 թվականին համապատասխանել օդի որակի պահանջներին

Աշխարհի քաղաքների միայն 14%-ն է կարողացել 2025 թվականին իրագործել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականները օդի աղտոտվածության թույլատրելի մակարդակի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է շվեյցարական IQAir ընկերությունը, որը տարեկան զեկույց է պատրաստել օդի որակի վերաբերյալ։

«Աշխարհի քաղաքների միայն 14%-ն է կատարել ԱՀԿ-ի հանձնարարականները, որոնց համաձայն PM2.5 մասնիկների միջին տարեկան կոնցենտրացիան չպետք է գերազանցի 5 միկրոգրամը՝ մեկ խորանարդ մետրի համար», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

2024 թվականին այս ցուցանիշը կազմել է 17%։

Ուսումնասիրության մեջ վերլուծել են մոտավորապես 9500 քաղաքի (143 երկիր և տարածք) տվյալներ։ PM2.5-ի թույլատրելի կոնցենտրացիա գրանցել են միայն 13 երկրում և տարածքում՝ Ավստրալիա, Անդորա, Բերմուդյան կղզիներ, ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներ, Գրենադա, Իսլանդիա, Նոր Կալեդոնիա, Պանամա, Պուերտո Ռիկո, Բարբադոս կղզի, Ռեյունիոն կղզի, Ֆրանսիական Պոլինեզիա, Էստոնիա։

Օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների հնգյակում տեղ են գտել Հնդկաստանը, Բանգլադեշը, Տաջիկստանը, Չադը և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը:

Հնդկաստանում, Չինաստանում և Պակիստանում են գտնվում 25 ամենաաղտոտված քաղաքները: Օրինակ՝ աշխարհի ամենաաղտոտված քաղաքում՝ Լոնիում (Հնդկաստանի Ուտար Պրադեշի նահանգ), PM2.5 մասնիկների կոնցենտրացիան 22 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի հանձնարարականները:

PM2.5 մասնիկները միկրոմասնիկներ են, որոնք օդում հայտնվում են հանածո վառելիքի այրվելու հետևանքով: Թոքերի միջոցով դրանք կարող են ներթափանցել արյան հոսքի մեջ և ազդել օրգանիզմի գրեթե յուրաքանչյուր օրգանի աշխատանքի վրա: Այս մասնիկները կարող են կապված լինել հիվանդությունների լայն շրջանակի հետ, այդ թվում՝ շաքարային դիաբետի և քաղցկեղի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում