Իրանում հերքել են ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը
2 րոպեի ընթերցում

Իրանից մեկնաբանություններ են հնչում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման, որում ասվում էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ են ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հրապարակումները ներկայացնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ իրանական Fars լրատվական գործակալությունը, մեջբերելով աղբյուրի, գրել է, որ երկրների միջև ուղիղ կամ անուղղակի բանակցություններ չեն եղել։
Tasnim գործակալությունն իր հերթին գրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում, և Հորմուզի նեղուցը չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին։
Հղում անելով իրանցի պաշտոնյայի՝ Tasnim-ը հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է Իրանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումից ֆինանսական շուկայի ճնշման ֆոնին: Ըստ գործակալության՝ Իրանը կշարունակի պաշտպանվել մինչև զսպման հասնելը։
Սակայն Mehr լրատվական գործակալությունը, հղում անելով արտաքին գործերի նախարարությանը, գրել է, որ կան լարվածությունը նվազեցնելու նախաձեռնություններ, բայց Վաշինգտոնը պետք է նախաձեռնի զրույցը, քանի որ պատերազմը Թեհրանը չի սկսել։ Mehr-ը նշել է, որ Թրամփի մեկնաբանությունների նպատակն էր նվազեցնել էներգակիրների գները և ժամանակ շահել ռազմական ծրագրերի համար։
Իր հերթին, The Associated Press-ը, վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցի, գրում է, որ տարածաշրջանային երկրները նախաձեռնություններ են ներկայացրել՝ ուղղված լարվածության նվազեցմանը, սակայն Իրանի պատասխանը հստակ է՝ ինքը չի սկսել պատերազմը, և բոլոր այդ հարցումները պետք է ուղղվեն Վաշինգտոնին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ վերջին երկու օրվա ընթացքում Վաշինգտոնը և Թեհրանը «լավ և արդյունավետ զրույցներ» են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության «ամբողջական և լիակատար լուծման» շուրջ, հետևաբար, ինքը հրահանգել է 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները, որոնք պետք է հասցվեն, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը: