ԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում են. Փեզեշքիան
1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուսահատության դրսևորում է որակել ԱՄՆ-ի սպառնալիքները երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Իրանը քարտեզի վրայից ջնջելու պատրանքը ցույց է տալիս հուսահատություն պատմություն կերտող ազգի կամքի առջև։ Սպառնալիքներն ու ահաբեկումը միայն ամրացնում են մեր միասնությունը», - գրել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը հավելել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի նրանցից, ովքեր ոտնձգություն են կատարում Իրանի նկատմամբ։
«Մենք զառանցագին սպառնալիքներին վճռականորեն դիմակայում ենք մարտադաշտում», - նշել է նա։
Ավելի վաղ Թրամփը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի տարբեր էլեկտրակայաններ՝ սկսած ամենամեծից։ Այդ ժամկետը լրանում է Թեհրանի ժամանակով մարտի 24-ի գիշերը ժամը երեքին մոտ։ Իրանն արձագանքել է՝ նշելով, որ երկրի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախ կդառնան, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի։