Թրամփը գոհունակություն է հայտնել ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի հրաժարականի առնչությամբ
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լավ է», որ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել՝ ասելով, թե նա շատ թույլ էր անվտանգության հարցում։
«Երբ մեզ հետ աշխատում է մեկը, ով ասում է, որ չի մտածել, որ Իրանը սպառնալիք է, մեզ պետք չեն նման մարդիկ։ Նրանք խելացի մարդիկ չեն, կամ նրանք խորաթափանց մարդիկ չեն», - CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է Թրամփը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան մարտի 17-ին հայտարարել է հրաժարականի մասին՝ պատճառաբանելով դա Իրանում ամերիկյան վարչակազմի կողմից տարվող պատերազմով։
Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթն իր հրաժարականի դիմումը հրապարակել է X-ում՝ գրելով․ «Երկար մտորումներից հետո ես որոշեցի հրաժարական տալ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի այսօրվանից։
After much reflection, I have decided to resign from my position as Director of the National Counterterrorism Center, effective today.
— Joe Kent (@joekent16jan19) March 17, 2026
I cannot in good conscience support the ongoing war in Iran. Iran posed no imminent threat to our nation, and it is clear that we started this… pic.twitter.com/prtu86DpEr
Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին։ Իրանը մեր ազգի համար որևէ անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով»։
Ամերկյան CNN լրատվականը գրում է, որ սա Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի մեկնարկից ի վեր ամենաբարձրաստիճան հրաժարականն է։
Սպիտակ տան երկու պաշտոնյաներ և թեմային ծանոթ մեկ անձ հայտնել են, որ Քենթը մարտի 16-ին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ բացատրելով, թե ինչու է Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ մտահոգությունների պատճառով մտադիր հրաժարական տալ և ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։
Նշվում է, որ Վենսը հորդորել է Քենթին խոսել Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի հետ՝ նախքան հրաժարականի ներկայացումը։ Պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ նա նախքան հրապարակային հայտարարություն անելը խոսել է Ուայլսի հետ։