Իրավունք

Հայաստանում գործող անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ. հետախուզվողը կալանավորվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանում գործող անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ. հետախուզվողը կալանավորվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ և արտերկրի մի խումբ քաղաքացիներ 2023 թվականի դեկտեմբերից ստեղծել և մինչև 2024 թվականի հոկտեմբերի 12-ը ղեկավարել են կայուն և միավորված հանցավոր կազմակերպություն, որի մասնակիցների գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք ու մասնագիտացման հիման վրա հիմնված դերաբաշխում, մշակել վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր ու հետևել դրանց պահպանմանը, ներդրել հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմներ, ներդրումային խարդախություններից արդեն իսկ տուժած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել հանցանքների կատարման համար անհրաժեշտ համակարգիչներով և այլ տեխնիկական միջոցներով ու ծրագրային ապահովումներով, մեծաթիվ տուժողների գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար կիրառել  կեղծ բովանդակությամբ համացանցային կայք, վարձակալել հարմարավետ գրասենյակային տարածքներ, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում ու ժամկետներով հավաքագրել և ներգրավել են կազմակերպության բազմաթիվ անդամների:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 16 մլն 94 հզր 945 ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելու հանգամանքը։

Հանցավոր կազմակերպության մասնակից՝ հետախուզվող Ռ.Պ.-ն կալանավորվել է:

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում