Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու. Փաշինյան

6 րոպեի ընթերցում

2024 թվականի մարտ-ապրիլին Հայաստանը հասել էր իր պետականության եզրին, ու եթե 2024 թվականի ապրիլին չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր անձնական համոզմունքն է: 

«Ընդ որում, սահմանազատման այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի  քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլեւ ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է, թե կոնֆլիկտը», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը նկատել է՝ տասնյակ հազար քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգեւորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։

«Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականին Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար։ Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ։ Եւ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել՝ մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից, այսինքն՝ 2024 թվականից հետո, տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ եւ այսօր  բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ  հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում», - ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը նկատել է, որ անձամբ քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ է կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ, մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունեն խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեն Իրական Հայաստան ասելով:

«Դրա սիմվոլը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը կրում եմ կրծքիս։ Սա նաեւ խաղաղության սիմվոլն է, որովհետեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն ենք հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա, համաձայն որի՝ Խորհրդային Ադրբեջանը դարձել է անկախ Ադրբեջան, Խորհրդային Հայաստանը դարձել է անկախ Հայաստան, եւ սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է։ 

Խաղաղության դեմ տարվող այս պրոցեսում որոշ հոգեւորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգեւորականների էմիսարները եւ նրանց հետ փոխկապակցված  որոշ լոբբիստական  կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե   Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ 

Իրականությունն այն է, որ որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ Ի դեպ, նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուստանաբնակ եւ բելառուսամետ օլիգարխների,  եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։

Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռքբերված գիտակցությունը,  խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակների համար։ Մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ու դա ոչ միայն մարդու, հոգու, այլեւ համաշխարհային խաղաղության մասին է, որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան, մեր տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսից, իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ եւ/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար, հատելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանները։ Սա չի կարող հանդուրժվել որեւէ ժողովրդավարական երկրում», - ասել է Փաշինյանը։ 

Հայերեն العربية English Français Русский Türkçe

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան