Իրավունք

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

3 րոպեի ընթերցում

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Ավարտվել է բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող Ժ.Շ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու և կանխամտածված սնանկության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ժ.Շ.-ն Երևանի երկու հասցեներում իրականացրել է բազմաբնակարան շենքերի կառուցապատում, սակայն բնակարանների և ավտոկայանատեղիների օտարումից առաջացող եկամտային հարկը չվճարելու նպատակով նշված հասցեներում առկա անշարժ գույքը ձևակերպել է ինչպես իր հետ բարեկամական կապի մեջ գտնվող, այնպես էլ իրական բնակարաններ ձեռք բերող անձանց անվամբ՝ որպես բաժնային սեփականություն։

Այնուհետև, Ժ.Շ.-ն 2018-2025 թվականների ընթացքում հիշյալ հասցեներում կառուցված շենքերի բնակարանները և ավտոկայանատեղիները վաճառել է տարբեր անձանց և որպես անշարժ գույքի գնման երաշխիք՝ գնորդներին է փոխանցել նշված գույքի սկզբնական բաժնեմասային սեփականատերերի բաժնեմասերը:

Արդյունքում, վերջինս խուսափել է 419 մլն 57 հզր 820 ՀՀ դրամի եկամտային հարկ վճարելուց՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Միաժամանակ, Ժ.Շ.-ն իր ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու դիտավորությամբ՝ թաքցրել է Երևանի երկու հասցեներում կառուցված շենքերից բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու և շահույթ ստանալու հանգամանքը, այդ կերպ կանխամտածված կերպով անվճարունակության հատկանիշներ է ստեղծել և 2021 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշման հիման վրա սնանկ է ճանաչվել՝ զրկելով պարտատերերին իրենց ունեցած գույքային պահանջները բավարարելու իրական հնարավորությունից:

Ժ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և 288-րդ հոդվածի 1-ին մասով (կանխամտածված սնանկությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում