Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորանքի տեքստը մարտի 9-ին հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Այժմ, երբ Իրանը դիմակայում է զինված ագրեսիային, Ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում, անտարակույս, կպահանջի մեծ քաջություն և անձնազոհություն։ Վստահ եմ, որ Դուք պատվով կշարունակեք Ձեր հոր գործը և կհամախմբեք իրանցի ժողովրդին դաժան փորձությունների հանդեպ», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
«Իմ կողմից կցանկանայի հաստատել մեր հավատարիմ աջակցությունը Թեհրանին և համերաշխությունը մեր իրանցի բարեկամների հետ։ Ռուսաստանը եղել է և կլինի Իսլամական Հանրապետության հուսալի գործընկերը։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր առջև ծառացած դժվարին խնդիրների լուծման գործում, ինչպես նաև քաջառողջություն և ոգու ուժ», - ասվում է շնորհավորական ուղերձում։
Իրանի Փորձագետների խորհուրդն ավելի վաղ երկրի գերագույն առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեին՝ պետության նախկին ղեկավար Ալի Խամենեիի որդուն։ Այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Իրանի բանակը հավատարմության երդում են տվել այաթոլլա Մոջթաբա Խամենեիին։