Իրավունք

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին և Հնդկաստանում վերապատրաստում անցած քննիչներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին և Հնդկաստանում վերապատրաստում անցած քննիչներին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի 15 քննիչները, որոնք 2026 թվականի փետրվարի 16-27-ը Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում Գուջարաթ նահանգի Գանդինագար քաղաքում գտնվող Ազգային դատաբժշկական գիտությունների համալսարանում մասնակցել են «Փողերի լվացման դեմ պայքարի, թվային հետախուզություն և կրիպտոարժույթ» խորագրով դասընթացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոմիտեի նախագահը կարևորել է վերապատրաստման արդյունքում մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, հատկապես՝ փողերի լվացման դեմ պայքարի, թվային հետախուզության, կրիպտոարժույթների հետ կապված հանցագործությունների բացահայտման ոլորտներում՝ համարելով կարևոր ներդրում Քննչական կոմիտեի կարողությունների զարգացման գործում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել դասընթացին մասնակցած քննիչներին անձամբ հանդիպելու, նրանց կարծիքներն ու տպավորությունները լսելու հնարավորության համար:

Դեռևս 2025 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայիի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի փոխանակման նպատակով վերապատրաստումներ կազմակերպելու ուղղությամբ:

Արթուր Պողոսյանը բարձր գնահատելով Հնդկաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը և դեսպանի անձնական ներգրավվածությունն ու ներդրումը հայ-հնդկական իրավապահ համագործակցության զարգացման գործընթացում՝ Նիլակշի Սահա Սինհային պարգևատրել է Քննչական կոմիտեի «Պատվավոր գործընկեր» մեդալով։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում