5 րոպեի ընթերցում
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում ստորագրվեց փաստաթուղթ՝ հարակից այգու վերանորոգման մեկնարկի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրեցին մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և ACBA բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուրուրբան» ընկերության հիմնադիր նախագահ Աննա Ուրնովան հայտնեց, որ նախագծի նպատակն է ձևավորել ներառական, հասանելի և անվտանգ հանրային տարածք՝ կիրառելով խելացի լուծումներ, որոնք կնպաստեն կայուն և բնապահպանական առումով բարենպաստ միջավայրի ստեղծմանը, կանաչ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տարածքի արդյունավետ ու ժամանակակից կառավարմանը։
«Մենք ունենք հնարավորություն պետական կոնսերվատորիայի հարակից այգին, որտեղ տեղակայված է Կոմիտասի հուշարձանը, դարձնել արդիական հանգստի գոտի՝ դրան տալով գրավիչ տեսք։ Մեզ համար շատ կարևոր է գոյություն ունեցող ծառերի և առհասարակ այգու կառուցվածքի պահպանումը, որպեսզի այն ներդաշնակվի փողոցի հակառակ կողմում գտնվող Սարյանի անվան պուրակի հետ։ Մենք արդեն հաստատել ենք վերակառուցման սցենարը, ցանկանում ենք, որպեսզի տեղում լինեն ճեմուղիներ, այլ ոչ միայն տարանցիկ անցուղիներ, որոնք այգին կապում են հարակից տարածքների ու փողոցների հետ»,- ասաց Ուրնովան։
Նա հավելեց, որ այգում աճեցվելու են ավելի քան 3000 տեսակի բույսեր՝ ինչպես ծաղիկներ, այնպես էլ գեղատեսիլ թփեր, ինչի արդյունքում այստեղ հանգիստն ու ժամանցը կլինեն միանգամայն հաճելի։ Հաշվի են առնվել նաև Երևանի բնակլիմայական պայմանները, ուստի նախատեսված է բուսականության համար կաթիլային ոռոգման համակարգերի տեղակայման հնարավորությունը։ Այգում զետեղվելու են նաև գունագեղ էներգախնայող լուսավորման համակարգեր։
«Ցանկանում ենք Կոմիտասի արձանի շուրջն ավելացնել փոքրիկ ջրավազան և ծաղկանոց, որովհետև մեծանուն կոմպոզիտորն անչափ սիրում էր հայրենի բնությունը։ Այստեղ կլինի նաև փոքր բեմ և ամֆիթատրոն, որտեղ կկազմակերպվեն բացօթյա համերգներ, առավել ևս, որ անմիջական հարևանությամբ գտնվում են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ու Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը։ Տաք եղանակին երաժիշտ ուսանողներն իրենց կատարումներով կուրախացնեն այգու այցելուներին։ Ենթակառուցվածքների թվում այստեղ կլինեն նաև սրճարան և մանկական խաղահրապարակ»,-հայտնեց Ուրնովան։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշեց, որ գործընկերների հետ իրականացվող տվյալ նախագիծը մատների վրա հաշված, սակայն շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է։
«Մի քանի տարի առաջ նույն այգու վերաբերյալ ունեցանք հանգամանալից քննարկում։ Այն ժամանակ դեռ դատական գործընթացների մեջ էինք, որոնք ավարտվեցին նախորդ տարի։ Մենք այգին վերադարձրինք մայրաքաղաքին, ինչից հետո ACBA բանկն առաջարկեց իր աջակցությունն այս նախագծին՝ լինելով բարեկարգման աշխատանքները համաֆինանսավորող կողմերից մեկը։ Այս այգին Երևանի սրտում գտնվող ամենակարևոր կանաչ տարածքներից է, որը շուտով բոլորին կներկայանա արդիականացված տեսքով։ ACBA բանկի պատրաստակամությունը լավ օրինակ է մասնավոր մյուս գործընկերների համար։ Անկախ ոլորտից՝ շատ կարևոր է սոցիալական պատասխանատվությունը։ Այդ առումով՝ ACBA բանկն արձանագրեց մեծ դերակատարություն քաղաքի նկատմամբ, ինչի համար շատ շնորհակալ ենք»,- ասաց Ավինյանը։
Նա տեղեկացրեց, որ նախագծի ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանը կհայտարարի արդեն շինարարության մրցույթ, որտեղ նույնպես ACBA բանկն ունի մասնակցություն։
ACBA բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր հերթին նշեց, որ երբ Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ, դրանից հետո նրան խնդրել էր իրենց տալ հնարավորություն, որպեսզի մայրաքաղաքում բանկը ներգրավվեր բնակչության համար կազմակերպվելիք միջոցառումներից մեկի, տվյալ դեպքում՝ նշված այգու բարեկարգման աշխատանքներում։
«Ուրախ ենք, որ այս միջոցառումը տեղի ունեցավ ընթացիկ տարում, որովհետև 2026 թվականին մեր բանկը նշում է իր գործունեության 30-ամյակը, հետևաբար նախատեսում ենք իրականացնել մի շարք միջոցառումներ։ Սա մայրաքաղաքի հետ կապված, թերևս, մեր ամենամեծ միջոցառումներից մեկն է և կլինի մեր նվերը այգու այցելուներին։ Ուզում ենք, որ Երևանի սրտում գտնվող այս կանաչ անկյունը դառնա ավելի գրավիչ ու ժամանակակից։ Նախագիծն իրականացվելու է արդի բնապահպանական չափանիշներին համապատասխան և տրվելու են շատ գեղեցիկ լուծումներ»,- ասաց Անդրեասյանը։