Մերձավոր Արևելք

Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իրանի դեմ  Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողությունները։

«Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական վտանգավոր արկածախնդրությունն են ձեռնարկել, որը տարածաշրջանը մոտեցնում է հումանիտար, տնտեսական, և, բացառված չէ, ռադիոլոգիական աղետի։ Ագրեսորների նպատակները պարզ են և նրանց կողմից հռչակվում են լիովին բաց՝ խաթարել սահմանադրական կարգը և ոչնչացնել իրանց համար ոչ ցանկալի ղեկավարությանը, որը հրաժարվել է ենթարկվել ուժային դիկտատուրային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ իրականացվող գործողությունների ու դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ն ու Իսրայելը։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել էին  Թեհրանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին՝ շեշտելով, որ «դրանց նպատակն ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է Իրանի ռեժիմի սպառնալիքներից»։

Իրանը իր հերթին բալիստիկ հրթիռներ ու ԱԹՍ-ներ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, ինչպես նաև թիրախավորել է Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում