Շիրակի երկրագիտական թանգարանի նմուշները կցուցադրվեն Ֆրանսիայի Նախապատմության թանգարանում
2 րոպեի ընթերցում

Շիրակի երկրագիտական թանգարանի 137 նմուշ կցուցադրվի Ֆրանսիայի Նախապատմության թանգարանում։ Շիրակի երկրագիտական թանգարանի վաղ բրոնզի դարաշրջանը ներկայացնող 87 անուն թանգարանային նմուշ (ընդհանուր 137 առարկա) մայիսի 22-ից հոկտեմբերի 31-ը կներկայացվի Լյուսակ-լե-Շատոյի թանգարանում՝ համատեղ ցուցահանդեսի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ցուցադրության կազմակերպման և նմուշների տեղափոխմանն առնչվող հարցերը քննարկվել են փետրվարի 24-ին՝ մարզպետ Դավիթ Առուշանյանի և Ֆրանսիայի Հանրապետության Լյուսակ-լե-Շատո քաղաքի Նախապատմության թանգարանի տնօրեն Ֆրանսուա Դեբրաբանտի հանդիպման ժամանակ:
Մարզպետ Դավիթ Առուշանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է մարզի հնագիտական հարուստ շերտերն ու Գյումրիի մշակութային ինքնատիպությունը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի հնավայրերը վկայում են հազարամյակների շարունակական կյանքի մասին, իսկ Շիրակի հնագիտական գանձերը մարդկության հավաքական հիշողության մասն են:
«Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը վերջին շրջանում առավել սերտանում է թե՛ դիվանագիտական, թե՛ մշակութային ուղղություններով։ Ուրախ եմ, որ Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները կներկայացվեն բարեկամ Ֆրանսիայում։ Թող այս ցուցադրությունը դառնա նոր կամուրջ երկու երկրների միջև՝ ամրապնդելով փոխըմբռնումն ու համագործակցությունը»,-նշել է մարզպետը։
Լյուսակ-լե-Շատո քաղաքի Նախապատմության թանգարանի տնօրեն Ֆրանսուա Դեբրաբանտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով պետական պաշտոնյաների ուշադրությունը պատմական ժառանգության հանրահռչակման նկատմամբ։
Ցուցանմուշների փաթեթավորման, առաքման և վերադարձի հարցերով զբաղվելու են մասնագետները, իսկ բոլոր ծախսերը, այդ թվում՝ ապահովագրությունը, հոգալու է հրավիրող կողմը: