Ադրբեջան

Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի օգնության փաթեթին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի օգնության փաթեթին

Ադրբեջանը չի պլանավորում մասնակցել Գազայի հատվածի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթին, որի մասին հայտարարվել է Խաղաղության խորհրդի առաջին նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակի իր էջում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը, որպես հիմնադիր անդամ պետություն, աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին և խնդիրներին։ Ապագայում Ադրբեջանը կարող է քննարկել Գազայի ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը Խաղաղության խորհրդի միջոցով։ Մասնավորապես, կցանկանայի պարզաբանել մեկ կետ. Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել Գազային առնչվող 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական նախաձեռնությանը, որի մասին հայտարարվել է Խաղաղության խորհրդի այսօրվա (խմբ.՝ փետրվարի 19-ի) նիստում», - նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մի խումբ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, ավելի քան 7 միլիարդ դոլար են ներդրել Գազայի հատվածի վերականգնմանն ուղղված օգնության փաթեթում։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը միասին ավելի քան 7 միլիարդ դոլարի օգնություն են տրամադրել։ Սա հրաշալի է», - ասել էր ԱՄՆ նախագահը՝ յուրաքանչյուր ծախսված դոլար անվանելով «կայունության մեջ ներդրում»։

Փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայացել է Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում